Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Թեհրանն ու Վաշինգտոնը նոր հարաբերություններ կառուցելու սկզբնափուլում

Թեհրանն ու Վաշինգտոնը նոր հարաբերություններ կառուցելու սկզբնափուլում
13.02.2009 | 00:00

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՄԵՆԱԱՐԴԻԱԿԱՆ ԽՆԴԻՐԸ
Համաշխարհային քաղաքականության օրակարգում ամենաարդիական խնդիրներից մեկը, որի շուրջ միաժամանակ հետաքրքիր քաղաքական ինտրիգներ են հյուսվում, Արևմուտքի և Իրանի միջև հարաբերությունները բարելավելու կամ հակառակը` է՛լ ավելի վատթարացնելու հարցն է։
Հարաբերությունների կարգավորումն անխուսափելիորեն կհանգեցնի ավելի կայուն հավասարակշռության աշխարհում և հնարավորություն կստեղծի լուծելու առավել սրված խնդիրները` սկսած իսլամական ծայրահեղականության և ահաբեկչության դեմ պայքարից, վերջացրած տնտեսական և էներգետիկ հոսքերի դիվերսիֆիկացման հարցերով։ Ինչ վերաբերում է մեր տարածաշրջանին և, մասնավորապես, Հայաստանին, ապա բարենպաստ եղանակի հաստատումը Թեհրան-Բրյուսել-Վաշինգտոն հարթության մեջ լուրջ աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական սրբագրումներ կկատարի նաև մեզ համար, քանի որ կհաստատվի ուժերի նոր դասավորություն, հարաբերությունների նոր մակարդակ կձևավորի տարածաշրջանի պետությունների միջև լայն իմաստով։ Իրանը մեծ մերձավորարևելյան խաղի ամենակենտրոնում է, ինչը պարտավորեցնում է մեզ ոչ միայն ուշադիր և անկողմնակալ հայացքով հետևել իրադարձություններին այս դժվար կանխատեսելի ճակատում, այլև հանդես գալ որպես շահագրգիռ կողմ։
Իրանի հետ հարաբերությունների կարգավորման մասին հայտարարությունը, անշուշտ, Բարաք Օբամայի ամենահամարձակ նախաձեռնությունն էր ԱՄՆ-ի նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո։ Այնուհետև «Էլ-Արաբիա» հեռուստաալիքին տված հարցազրույցում ԱՄՆ-ի նոր առաջնորդն ուղղակիորեն դիմեց Թեհրանին, ընդգծելով, որ հարաբերությունները վերսկսելու համար Վաշինգտոնը, ինչպես նախկինում, նախապայմաններ չի առաջադրում։ Թեպետ միաժամանակ ակնարկվեց, որ ԱՄՆ-ը եվրոպական դաշնակիցների հետ համատեղ հաստատակամ է Իրանի` ատոմային զենք ստանալու ձգտումը կանխելու հարցում։ Ըստ այդմ, փորձագետների մեծամասնությունը կարծես հանգել է այն եզրակացության, որ Թեհրանին ձեռք մեկնելու ամերիկյան մտադրությունները կասկածից դուրս են։
Թուլանալու միտում ունի նաև իրանական «բռունցքը»։ Նախ` Իրանի նախագահի մերձավոր օգնականներից մեկը հայտարարեց. «Մեր բռունցքը բացված է, մեր ձեռքերը մեկնված են ամերիկացիներին ընդառաջ, ինչը իմաստության դրսևորում է։ Կարծում եմ` շնորհավորանքը, որ ընտրվելու կապակցությամբ ԱՄՆ-ի նոր նախագահին ուղղեց նախագահ Ահմադինեժադը, կարելի է հենց այդ տեսանկյունից գնահատել»։ Ավելին, Իրանում հեղափոխությունից ի վեր առաջին անգամ նույն այդ հեղափոխության տարեդարձին նվիրված ամենամյա հսկայական հանրահավաքում ԱՄՆ-ի նկատմամբ որևէ բացասական շեշտադրում չհնչեց։ Մահմուդ Ահմադինեժադը կոչ արեց ԱՄՆ-ին «փոխադարձ հարգանքի» հիմքի վրա բանակցություններ սկսել, ինչը պատասխանն էր պետդեպարտամենտից տեղի ունեցած տեղեկատվության այն արտահոսքի, թե Վաշինգտոնը լրջորեն ուսումնասիրում է արդեն առաջիկա ամիսներին Թեհրանի հետ ուղղակի շփումներ հաստատելու հնարավորությունը և նույնիսկ ուղերձ է նախապատրաստում, որը նախագահ Բարաք Օբաման կհնչեցնի` դիմելով Իրանի ժողովրդին։ Եվ վերջապես, արքայական նվեր կարելի է համարել Իրանի նախագահի հայտարարությունն այն մասին, թե Թեհրանը կարող է նաև տրամադրել եվրոպական և այլ երկրներում թաքնվող ահաբեկիչների և նրանց որջերի հասցեները։ Պակաս լավատեսական չեն Թեհրանի հայտարարություններն այն մասին, որ այլևս կարիք չկա շարունակելու բանակցություններն ԱՄՆ-ի հետ Իրաքի անվտանգության հարցերի շուրջ, քանզի «այդ երկրում իրավիճակը որոշակիորեն բարելավվել է»։
Մինչդեռ Վաշինգտոնի համար պակաս կարևոր չէ Իրանի բարենպաստ կեցվածքը աֆղանական հարցում։ Պարադոքս է, բայց փաստ, որ արմատական իսլամի ամենաարմատական թևի ներկայացուցիչ թալիբները նույնքան վտանգավոր են Իրանի համար։ Թալիբան շարժումը Թեհրանի իրական ռազմական հակառակորդն է տարածաշրջանում, և Իրանը միշտ էլ հետևողական ու անզիջում պայքար է մղել նրանց դեմ, ցուցաբերել բարոյական, քաղաքական, ֆինանսական և այլ նյութական օգնություն Աֆղանստանում գործող հակաթալիբանական ուժերին։ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների սրման ամենածանր պահերին անգամ Իրանը ՄԱԿ-ում և տարբեր իսլամական կազմակերպություններում միշտ էլ աջակցել է Աֆղանստանի «ամերիկյան դրածո» նախագահ Համիդ Քարզային և հանդես եկել «Ալ-Ղաիդայի» դեմ։ Այսպիսով, որոշակի հարցերում ԱՄՆ-Իրան շահերի համապատասխանությունն ակնհայտ է, և միանգամայն հավանական է, որ Թեհրանը կլինի Բարաք Օբամայի` Աֆղանստանի հետ կապված ծրագրին թեկուզ ոչ բացահայտ աջակցող պետությունների թվում։
Անշուշտ, եվրատլանտյան սիրավեպի վերականգնումը պարսիկների հետ իր մեջ ունի նաև շատ պրագմատիկ բաղադրիչներ։ Եվրոպային էներգակիրներով անխափան մատակարարումն ապահովելու խնդիրն այսօր անհնարին է լուծել առանց Իրանի մասնակցության։ Եվրոպական երկրների հետաքրքրությունն Իրանի նկատմամբ, չնայած ատոմային ծրագրի շուրջ եղած հակասություններին, ակնհայտ է։ Միայն Գերմանիան 2008-ին 4 մլրդ եվրոյի առևտրաշրջանառություն է ունեցել Իրանի հետ, կնքվել է 2800 կոմերցիոն գործարք։ Գերմանական էներգետիկ և տեխնոլոգիական խոշորագույն ընկերությունը` «Սիմենսը», իրականացրել է 438 մլն դոլարի գործարք։ Այդ նույն ընկերության ղեկավարությունը հայտարարել է, որ Իրանում աշխատող 290 աշխատակիցները շարունակելու են ակտիվ գործունեությունն Իրանի նավթագազային, արտադրական ենթակառուցվածքների և կոմունիկացիաների բարելավման ուղղություններով։ Ավստրիական OMV նավթային խոշոր ընկերությունը ևս ձգտում է համագործակցության պարսկական կողմի հետ և պատրաստ է 22 մլրդ եվրո ներդրում իրականացնել Իրանի Հարավային Պարս գազային հանքավայրում նոր տեխնոլոգիաներով հագեցած այրված գազ արտադրող ձեռնարկություն կառուցելու համար։ Այս հանգամանքներն էլ, անշուշտ, իրենց ազդեցությունն են ունեցել ամերիկյան քաղաքականության շրջադարձի վրա, և պատահական չէր նոր պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հայտարարությունը, թե արտաքին քաղաքականությունը պետք է հենված լինի սկզբունքների և պրագմատիզմի, ոչ թե կարծր գաղափարախոսության վրա։
Ինչ վերաբերում է իրանական ատոմային ծրագրին, ապա պատահական չէր նաև, որ ամերիկյան նոր վարչակազմի կողմից պաշտոնապես հյուրընկալված Գերմանիայի արտգործնախարար Շտայնմայերը հայտարարեց. «Մենք կոնկրետ առաջարկներ ունենք Իրանի` ուրանի հարստացման գործընթացի վերահսկողությունը կատարելագործելու վերաբերյալ։ Կարելի է ուրանի հարստացումը իրականացնել ՄԱԳԱՏԷ-ի վերահսկողության ներքո, ինչը դուրս կմղի բոլոր կասկածները, և վստահության մթնոլորտ կստեղծվի պետությունների միջև»։ Շտայնմայերը կարծիք հայտնեց, որ հենց այսպիսի ծրագիր պետք է ԱՄՆ-ն առաջ քաշի, իսկ Իրանն էլ իր հերթին պետք է օգտվի այդ հնարավորությունից, որպեսզի ատոմային ծրագրի շուրջ բանակցություններն արդյունավետ ավարտվեն։ Ավելորդ չէ նշել, որ ոչ անհայտ Զբիգնև Բժեզինսկին էլ բազմիցս կարևորել է այդ գործընթացում Իրանի կարևորագույն գործընկերոջ` Չինաստանի ընդգրկման հարցը։ Իսկ Բժեզինսկու վաղեմի ընդդիմախոս Հենրի Քիսինջերը զարմանալիորեն համամիտ է նրան այս հարցում։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսն էլ իր հերթին հայտարարել է, թե «իրանական օբյեկտներին հարվածելու հավանականությունը չի մտնում այն տարբերակների մեջ, որ մենք կարող ենք դիտարկել այս պահին»։ Ըստ «Նյու Յորք Թայմսի», հենց Ռոբերտ Գեյթսն է ժամանակին համոզել Ջորջ Բուշին` հրաժարվել Իրանին ուղղակի հարված հասցնելու գաղափարից, պնդելով, որ դա արդյունք չի տա։
Անցած երեսուն տարիների ընթացքում ԱՄՆ-ի և Իրանի միջև չի եղել նորմալ երկխոսություն։ Մանավանդ որ Իսրայելը միշտ էլ շատ ցավագին է ընդունել այդպիսի հեռանկարի հավանականությունը, թեպետ ժամանակին Թել Ավիվը Թեհրանի կարևորագույն գործընկերն էր Մերձավոր Արևելքում։ Իրանա-ամերիկյան լարվածության թուլացման հակառակորդներ կան բազմաթիվ այլ երկրներում, և ԱՄՆ-ի մեղքով երկխոսության հնարավորությունը երկու անգամ տապալվել է։ Առաջին անգամ` 1998-ին, երբ բարեփոխիչների թևից Իրանի նախագահ ընտրված Մոհամմադ Խաթամին կոչ արեց Վաշինգտոնին` դիմել այդ քայլին և ապա` 2003-ին։ Իրանական առաջարկները մերժեց Բուշի վարչակազմը։ Այսօր երրորդ փորձը ԱՄՆ-ն է ձեռնարկում, և արդեն իրանական էլիտայից է կախված` որքանով կհաջողվի վերանայել այսօրվա քաղաքական կուրսը։ Հասկանալի է, որ եթե անգամ հունիսին Իրանում հայտնվի նոր նախագահ, և եթե անգամ նա լինի բարեփոխիչների թևից, 180 աստիճանով շրջադարձ ակնկալելն իրատեսական չէ։ Սակայն Բարաք Օբամայի` նախագահ դառնալու հանգամանքը ստեղծել է այդ հնարավորությունը, թեպետ միաժամանակ պարզ է, որ Իրանի հետ հարաբերությունների լիցքաթափումը անհամեմատ ավելի բարդ խնդիր է, քան նույնիսկ ռուս-ամերիկյան հարաբերություններում փոխադարձ ընդառաջ քայլեր կատարելը։ Որովհետև հակաամերիկանիզմը մնում է իրանական ընտրություններում հավելյալ ձայներ շահելու փորձված և ամենաարդյունավետ մեթոդներից մեկը։ Թեհրանում նախագահի հիմնական հավակնորդներից մեկը` խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին, Բարաք Օբամայի ընտրությունը որակել էր իբրև բարենպաստ շանս և միաժամանակ հայտարարել, թե Իրանը ատոմային զենք ստեղծելու ռազմավարական ծրագիր չունի և պատրաստ է Արևմուտքի հետ համագործակցության, եթե վերջիններս համաձայնեն չխոչընդոտել խաղաղ ատոմային ծրագրի զարգացմանը։ Սակայն մեկ այլ անգամ այդ նույն Լարիջանին նույն թեմայով մեկ այլ ռեպլիկ էր նետել` խորհուրդ տալով ԱՄՆ-ին դադարեցնել բռնցքամարտով զբաղվելը, փորձել սովորել շախմատ խաղալ։ Այս փոփոխական իրավիճակը կշարունակվի երկար, քանի դեռ ԱՄՆ-ի նոր վարչակազմը չի հրաԺարվել Իրանում իշխանափոխություն իրականացնելու սպառնալիքներից և չի առաջարկել Թեհրանի համար ընդունելի` տարածաշրջանային անվտանգության նոր ճարտարապետություն։
Սոնա ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 3007

Մեկնաբանություններ